Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց «Միասին» երիտասարդական շարժման ճամբար

22 հուլիսի, 2010

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելեց Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ ուսուցողական հանգիստն են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները:

Էդվարդ Նալբանդյանը շրջայց կատարեց ճամբարով, ծանոթացավ ճամբարի գործունեությանը, «Միասին» շարժման կողմից իրականացվող ծրագրերին:
Այնուհետեւ արտգործնախարարը հանդիպեց ճամբարի մասնակիցներին եւ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ԱԳՆ գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարությունում հղում է կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հայտարարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, երեք սկզբունքներին, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

«Կարեւոր է, որ նշվում է, որ չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին, չի կարելի գերակայել դրանց մի մասը մյուսների հանդեպ, որոնք մշակվել են որպես ամբողջական եւ միասնական առաջարկ:

Եթե Ադրբեջանը վերոնշյալ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Ադրբեջանը Մուսկոկայի վեց դրույթներից նախընտրությունը տալիս է միայն մեկին, ապա եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է եւ չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:
Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-19-ը ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին, նաեւ ադրբեջանական այլ գործողությունների, քայլերի ու հրահրիչ հայտարարությունների մասին: Կարեւորվում է հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը:
Պարզ է ում են ուղղված այդ ուղերձները: Ռուսերեն մի լավ ասացվածք կա «и ежу понятно»: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները միտումնավոր ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել`ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին մեղադրում են, ձեւացնում են, որ իրենք կառուցողական են: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ:

Երբ խոսում են հրադադարի ամրապնդման մասին, ռազմատենչ հռետորաբանությունից խուսափելու մասին, պետք է հիշեցնել, որ Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին, միջնորդներին, եւ ոչ թե սեփական լրատվամիջոցներին` հակահայկական քարոզչությունը սաստկացնելու համար, ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:

Թե Հայաստանը, թե Ղարաբաղը միշտ էլ կողմնակից են եղել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը: Այդ մասին 2005 թ. մարտին պաշտպանության նախարարի հայտարարությամբ Հայաստանը նորից վերահաստատեց իր պատրաստակամությունը: Նույնը արվեց Ղարաբաղի կողմից:
Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտմանը համարժեք արձագանքի բացակայությունը միջազգային հանրության կողմից հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը շարունակում է մերժել որեւէ առաջարկ այս ուղղությամբ, ինչպես դա արեց 2008 թ. Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում համանախագահ երկրների արտգործնախարարների հնչեցված կոչին` քայլեր կատարելու զինադադարը ամրապնդելու համար, դուրս բերելու դիպուկահարներին շփման գծից: Տեսնենք ադրբեջանցիներն ինչպես կարձագանքեն Ալմաթիում արված կոչերին, ինչ քայլեր կձեռնարկեն, կփոխեն, արդյոք, իրենց ապակառուցողական գործելաոճը, որը չի տանում խնդրի կարգավորմանը»:

Պատասխանելով հարցին, թե ինչ «դեկտեմբերյան առաջարկությունների» մասին է շարունակում է պնդել Ադրբեջանը` Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը:

Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը, բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Հետո, ինչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել:

2010թ. հունվարին Սոչիում ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին`շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ: Նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր եւ վայելում է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, ինչի վկայությունն է Ալմաթիի հայտարարությունը: 2010 թ. փետրվար-հունիս ամիսներին կայացել են բազմաթիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով, քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Այս բանակցությունների արդյունքում մշակվել է մադրիդյան փաստաթղթի վերջնական տարբերակը, որը ներկայացվել է հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, եւ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա:

Այսօր ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարեւորությունը: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում վեց հանդիպում է կայացել Ռուսաստանի բարձր նախաձեռնությամբ:
Հարց է առաջանում` ինչու էին մասնակցում այդ հանդիպումներին, եթե դրանք իրենց համար կարեւորություն չունեն»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին խոսելիս Հայաստանի ԱԳ նախարարն ասաց. «Գնդակը գտնվում է թուրքական դաշտում, եւ դա այսօր ասում ենք ոչ միայն մենք, այլեւ միջազգային հանրությունը: Կարելի է ֆուտբոլ լավ չխաղալ, բայց չտեսնել, որ գնդակը գտնվում է քո դաշտում, երբ այդ մասին աղաղակում են դաշտի տրիբունաները, հարթակները, դա արդեն այլ ոլորտից է»:

Ճամբարի մասնակիցները հարց ուղղեցին նաեւ ԱԳՆ կադրային քաղաքականության եւ ԱԳՆ-ում աշխատանքի անցնելու պայմանների վերաբերյալ, որին ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը, ներկայացնելով դիվանագիտական ծառայության անցնելու կարգը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման նպատակները, ասաց. «ԱԳՆ դիվանագիտական դպրոց ընդունվելու համար դիմել էին շուրջ 190 երիտասարդ, որոնցից ընտրվեցին 27-ը եւ նրանցից առավել առաջադիմություն ցույց տված ունկնդիրները կհամալրեն Հայաստանի դիվանագիտական ծառայությունը` աշխատանքի անցնելով ԱԳՆ համակարգում:
«Մենք երիտասարդ կադրերի կարիք ունենք, քանի որ ընդլայնում ենք նաեւ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը:
Դիվանագետ դառնում են ամբողջ կյանքի համար, եւ պետք է իմանալ, որ դիվանագետների կյանքի ոչ թե ամեն օրը, այլ ամեն վայրկյանը նվիրված պետք է լինի մեր երկրին եւ ժողովրդին ծառայելուն, աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը ավելացնելուն:
Դիվանագետի աշխատանքը ծանր ու լարված աշխատանք է, որը համեմատելի է զինվորական ծառայության հետ, այն տարբերությամբ, որ դիվանագետի զենքն իր գիտելիքներն են: Ահա հենց այդ գիտելիքների համար է, որ ստեղծվել է այս դիվանագիտական դպրոցը: Գիտելիքն է միակ չափանիշը, որով անց են կացվում մրցույթները եւ ընտրվում են կադրերը ԱԳՆ-ում, որի դռները բաց են գիտելիք ունեցող եւ ունակ ցանկացած երիտասարդի համար». – խոսքը եզրափակեց Հայաստանի արտգործնախարարը:
 

Տպել էջը