Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

20 հուլիսի, 2010

 Ս.թ. հուլիսի 16-18-ը տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սլվանյանի աշխատանքային այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուայի, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների ղեկավարների հետ և քննարկել տարածաշրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային, մասնավորապես, կրթական ոլորտին վերաբերող հարցեր:

Հուլիսի 17-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալիբյանի ուղեկցությամբ Հայաստանի դեսպանն այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին, ծանոթացել վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Նույն օրը դեսպան Սիլվանյանը Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մասնակցել է հայ մեծանուն աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնահանդեսին:
Հուլիսի 18-ին Հրաչ Սիլվանյանը և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան Նինոծմինդայում հանդիսավորությամբ բացել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող Հայոսի և Քարթլոսի հուշարձանը, որից հետո
դեսպանը մասնակցել է նաև Նինոծմինդայի հիվանդանոց-պոլիկլինիկայի և շտապօգնություն-03 միավորման վերաբացման արարողությանը:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում դեսպան Սիլվանյանն այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, մասնակցել մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված տոնախմբությանը:

Ջավախքում կազմակերպված հանդիսություններին ու միջոցառումներին մասնակցում էին Հայաստանից ժամանած կառավարական և Հայաստանի գրողների միության պատվիրակությունները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայ և վրաց մտավորականներ, մշակույթի գործիչներ, հազարավոր ջավախքցիներ:

Տպել էջը