Հալեպում անցկացվել է հայ-սիրիական գործարար խորհրդի համաժողովը

19 հուլիսի, 2010

Հուլիսի 17-ին Սիրիայի փոխվարչապետ Աբդալլա ալ-Դարդարիի հովանավորությամբ Հալեպում տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար խորհրդի համաժողովը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, Սիրիայի արևելյան նահանգներում Հայաստանի պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ավելի քան 200 սիրիահայ և արաբ գործարարներ:

Ելույթ են ունեցել Հալեպի նահանգապետ Մանսուրան, Հայաստանի դեսպան Փոլադյանը, հայ-սիրիական գործարար խորհրդի սիրիական կողմի համանախագահ Լևոն Զաքին և մի շարք գործարարներ:

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը զգալիորեն զիջում է քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում վերջին շրջանում վերընթաց զարգացում ապրող հայ-սիրիական հարաբերություններին և կոչ են արել ջանքեր գործադրել կարճ ժամկետում այդ բացը լրացնելու և տնտեսական համագործակցությունը զարգացնելու, համատեղ ներդրումային ծրագրեր մշակելու ու ընկերություններ հիմնելու, ինչպես նաև ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու համար ալընտրանքային ուղիներ փնտրելու ուղղությամբ:

Դեսպան Փոլադյանն անդրադարձել է առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով ձևավորված իրավապայմանագրային ամուր դաշտի առկայությանը, հայ-թուրքական հարաբերություներին ու երկկողմ համագործակցությունը խոչնդոտող այլ պատճառների` համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով ծովային ճանապարհների` Լաթաքիա-Փոթի կամ Բաթումի օգտագործմանը:

Համաժողովի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև Հայաստանի մաքսային օրենսդրության, ինչպես նաև Հայաստանում սիրիական արտադրության ապրանքներին մաքսային առավել բարենպաստ ռեժիմի տրամադրման հնարավորության վերաբերյալ:

Տպել էջը