«Ծիրանի այգի» խորագրով միջոցառում Շանհայում
15 հուլիսի, 2010Ս.թ. հուլիսի 9-10-ը ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Շանհայում մասնակցեց դեսպանության և «Շանհայ ԷՔՍՊՈ 2010» միջազգային ցուցահանդեսում Հայաստանի ազգային կազմկոմիտեի համատեղ ջանքերով Հայաստանի տաղավարում կազմակերպված «Ծիրանի այգի» խորագիրը կրող միջոցառմանը, որի նպատակն էր հայկական ծիրանի և դրանից պատրաստվող պահածոների, հյութերի և խմիչքների ներկայացումը չինական, ինչպես նաև այլ երկրների գործարար շրջանակներին: Հատուկ այս նպատակով Հայաստանից Շանհայ էր ներմուծվել մեծ քանակությամբ թարմ ծիրան, ինչպես նաև պահածոների լայն տեսականի:
Հուլիսի 9-ի երեկոյան Հայաստանի տաղավար այցելեցին շուրջ 50 չինացի գործարարներ, տարբեր երկրների ազգային կազմկոմիտեների և տաղավարների ներկայացուցիչներ, լրագրողներ: Հյուրերին ներկայացվեց մանրամասն տեղեկատվություն հայկական ծիրանի, դրանից ստացվող արտադրանքի վերաբերյալ, տրամադրվեցին համապատասխան տպագիր նյութեր և տեսաֆիլմեր: Հայկական ծիրանը համտեսելու հետ մեկտեղ միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին հայկական դուդուկի երաժշտության և ազգային երգարվեստի նմուշներ` Հայաստանից ժամանած մենակատարների ներկայացմամբ:
Հուլիսի 10-ին Հայաստանի տաղավարի հազարավոր այցելուներ նույնպես հնարավորություն ունեցան համտեսել հայկական թարմ ծիրանը` միաժամանակ ունկնդրելով ազգային երգն ու երաժշտությունը: