Հայաստանի արտգործնախարարն ընդունեց տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան հանձնաժողովի ամերիկյան համանախագահին

14 հուլիսի, 2010

Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզեմբլյումին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձեւաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել:

Դենիել Ռոզեմբլյումը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ հանձնաժողովը կշարունակի տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչը հնավորություն է ընձեռում առավել ընդլայնել տնտեսական համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության եւ Հայաստանի ու Արցախին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին փոխգործակցությունը նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Տպել էջը