ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Կապիտալ» օրաթերթին
10 հուլիսի, 2010Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել
Վերջին երկու օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր պաշտոնական դեմքերի շուրթերից տարբեր հայտարարություններ են հնչում: ,Կապիտալիե խնդրանքով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է այդ հայտարարություններից մի քանիսը:
-Պրն Քոչարյան, նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են կարգավորման վեց տարրերը` Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակները, ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը, փախստականների ու տեղահանվածների վերադարձի իրավունքը, խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները: Ի՞նչ է նշանակում «ընդունում են կարգավորման տարրերը»:
-Այդ տարրերը ներառված են Մադրիդյան փաստաթղթում, որը դեռ 2008թ. մեր կողմից ընդունվել է որպես հիմք բանակցությունների համար: Հայաստանն ասել է նաեւ, որ ընդունում է նույն տարրերի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, որը ներկայացվել է կողմերին Սանկտ Պետերբուրգում շուրջ մեկ ամիս առաջ:
Կարեւոր է արձանագրել, որ համաձայն այդ տարրերի` Ղարաբաղը պետք է ունենա միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի՝ համաձայն Արցախի ժողովրդի կամարտահայտության, որը կունենա պարտադիր իրավական ուժ բոլորի համար:
-Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (հուլիսի 9) հայտարարել է, որ Ալմաթիում հուլիսի 16-17-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության լուծման առաջին փուլում Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հանձնելու հարցը։ Նման հարց հանդիպման օրակարգում կա՞։
-Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից:
-Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը չպետք է վնասի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ձեր մեկնաբանությունը։
-ՄԱԿ-ի անդամ երկրի ղեկավարը պետք է իմանա, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը այդ կազմակերպության նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը, ինչպես նշեցի, արտացոլված է նաեւ Մադրիդյան փաստաթղթում եւ վերջին տարբերակում: Ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարների անհույս ճիգերի` միջազգային իրավունքը միջազգային իրավունք է, այլ ոչ թե իրենց անհիմն տեղայնական պատկերացումները իրավունքի մասին: