Հանդիպում ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների հետ

08 հուլիսի, 2010

Հուլիսի 8-ին ԱԳՆ-ում անցկացվեց ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` "ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ եւ ընթացիկ հարցեր" խորագրով:

Հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ներկայացմամբ բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության համակարգումը` որպես Նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական:

Անցկացվող հանդիպման հիմնական նպատակն էր գործադիր իշխանության մարմիններին իրազեկելը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան նաեւ ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, Կարինե Ղազինյանը եւ նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը:
Տպել էջը