Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարին

05 հուլիսի, 2010

Հուլիսի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեին:

Նախարար Նալբանդյանը ողջունեց Պիեռ Բայեի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Կողմերը հանգամանալից զրուցեցին Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ ծրագրերի մասին, մասնավորապես մայրաքաղաքի ֆրանսերեն թեքումով դպրոցներում իրականացվող նախագծերի մասին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը:
Տպել էջը