Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
03 հուլիսի, 2010Հուլիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Սանկտ-Պետերբուրգում կայացած Նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:
Օրակարգում էր նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը: