ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր« լրատվական ծրագրի հարցին

27 հունիսի, 2010

Հարց. Երեկ Կանադայում տեղի ունեցող Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հանդես են եկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես կբեկնաբանե?ք այդ հայտարարությունը:

Պատասխան. Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Կարեւոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10-ի Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ:

Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը եւս մեկ անգամ հիշեցնում են Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ 10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա:

Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով:

Ռուսերեն տարբերակը ընթերցելու համար սեղմել այստեղ:

Տպել էջը