ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հունիսի 17-իՍանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո

18 հունիսի, 2010

-Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ արդեն վեցերորդ հանդիպումն է կայանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Նախորդ հանդիպումներն ու բանակցությունները անց են կացվել Սանկտ- Պետերբուրգում, Մոսկվայում, Քիշնեւում եւ Սոչիում: Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ եռանախագահների նախաձեռնությամբ: Այսօրվա եռակողմ հանդիպումը շարունակությունն էր նախորդ բանակցությունների:

Վերջին ամիսների ընթացքում կողմերի միջեւ շփումներն ընթանում էին նախարարների մակարդակով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, որոնք լիովին աջակցվում էին մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից:

Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ:

Այսօր, հունիսի 17-ին կայացած եռակողմ հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա:

Նախագահները հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել շփումները: Հանդիպումներ կկայանան նաեւ համանախագահների հետ:

Վաղը` հունիսի 18, կկայանա Հանրապետության նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կայցելեն տարածաշրջան հուլիսի սկզբին:

Պատասխանելով մադրիդյան առաջարկությունների մասին հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ 2007 թ. նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն: Դրանից հետո բոլոր առաջարկները կրել են աշխատանքային բնույթ:

Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. գործընթացը Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ շարունակվում է: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար էր: Այն եւս մեկ կարեւոր հանգրվան էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:
Տպել էջը