ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ
14 հունիսի, 2010Ս.թ. հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հատուկ զեկուցողը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության կողմից 2006 թվականին
ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցված մշտական հրավերի հիման վրա: Նման հրավեր ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցել են հիմնականում Արեւմտյան Եվրոպայի երկրները: ԱՊՀ երկրներից նման հրավեր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանվել եւ գործում են 39 հատուկ զեկուցողներ:
Ողջունելով հյուրին` պարոն Կիրակոսյանը ներկայացնելով Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում ֆինանսական աջակցությունը, ընդգծեց կառույցի անկախ գործելու կարեւորությունը: Նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել եւ գործում են 3000-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ մայիսին Հայաստանի կողմից ներկայացված համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի արդյունքները: Նշվեց, որ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ի կատար կածվեն սեպտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի նիստում զեկույցի պաշտոնական հաստատումից հետո: Ստանձնված պարտավորությունները կներկայացվեն ՀՀ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում կայանալիք հանդիպումների ու այցելությունների արդյունքում կրկին հանդիպել` դիտարկումները համատեղ քննարկելու եւ նկատառումները ներկայացնելու համար: