Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումըՖինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբի հետ

11 հունիսի, 2010

Հունիսի 11-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Ալեքսանդր Ստուբի (Alexander Stubb) հանդիպումը:

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ալեքսանդր Ստուբի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկկողմ օրակարգի եւ համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի եւ սկանդինավյան տարածաշրջանի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ գործակցության զարգացումը եւ այդ նպատակով օրակարգում է տարածաշրջանում Հայաստանի դեսպանության հիմնումը:



«Մենք տեսնում ենք Ֆինլանդիան` որպես վստահելի գործընկեր եւ ցանկանում ենք խորացնել մեր քաղաքական երկխոսությունը կանոնավոր խորհրդակցությունների եւ միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության միջոցով», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ալեքսանդր Ստուբը նշեց, որ ուրախ է այցելել Հայաստան եւ շարունակել շուրջ երկու տարի առաջ սկսված երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ստուբը գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:

Նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման ուղիների վերաբերյալ:

Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը:

Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ներառյալ` արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Տպել էջը