Կատարի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանինհանձնեց իր հավատարմագրերի պատճենը
10 հունիսի, 2010Հունիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար:
Նախարարը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես նորանկախ Հայաստանի առաջին բանագնաց` իր այցելությունը Դոհա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ:
Դեսպան ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Կատարում առանձնահատուկ համակրանքով են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ իր առաքելության ընթացքում կանի առավելագույնը համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առ—տրատնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռահման ալ-Մեղաիսիբիին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:
Տեղեկանք. Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին ծնվել է 1959թ. Քաթարում: Ուսանել է ԱՄՆ-ում` ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան: 1998-2002թթ. եղել է Ջեդդայում (Սաուդյան Արաբիա) Կատարի գլխավոր հյուպատոս, 2003-2005թթ.` Ֆիլիպիններում Կատարի դեսպան: 2008-2009թթ. եղել է Կատարի ԱԳՆ Եվրոպական — ամերիկյան երկրների վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2009թ. դեկտեմբերից Իրանի Իսլամական Հանրապետությունում Կատարի Պետության դեսպանն է: