ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի ղեկավարած պատվիրակությանը

07 հունիսի, 2010

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նկատեց, որ վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են, ինչն արտահայտվում է նաեւ պաշտոնական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացմամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմամբ` այս առումով կարեւորելով Կոտայքի մարզի եւ Միլանի նահանգի միջեւ փոխգործակցությունը, ինչպես նաեւ Միլանի եւ Երեւանի միջեւ հնարավոր համագործակցության հաստատումը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Միլանի նահանգային իշխանություններին 2006 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումը եւ դատապարտումը համամարդկային խնդիր է:

Բրունո Դապեյը իր հերթին եւս կարեւորեց հայ-իտալական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ բարձր գնահատեց միլանահայ համայնքի արժեքավոր ներդրումը իր ղեկավարած նահանգի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Տպել էջը