Էդվարդ Նալբանդյանը շարունակեց հանդիպումները Կանադայում
02 հունիսի, 2010Հայաստանը սատարում է Կանադային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու հարցում
Հունիսի 1-ին կայացավ Հայաստանի եւ Կանադայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լոուրենս Քենոնի բանակցությունների երկրորդ փուլը:
Երկուստեք ընդգծվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման կարեւորությունը:
Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հունիսին Կանադայում կայանալիք Մեծ ութնյակի եւ Քսան երկրների խմբի գագաթաժողովների օրակարգում ընդգրկված հարցերը:
Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Կանադայի թեկնածությանը սատարելու Հայաստանի որոշման մասին:
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գուդյերի հետ էր:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կարեւորվեց բնագավառի ներկայացացուցիչների փոխանակումների խրախուսումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Կանադայի գիտակրթական հաստատությունների միջեւ համագործակցություն հաստատելու վերաբերյալ:
Նախարար Գուդյերն ասաց, որ ինքը հետամուտ կլինի Հայաստանի եւ Կանադայի գիտակրթական հաստատությունների եւ գիտնականների միջեւ կապերի հաստատման խթանմանը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Կանադայի խորհրդարան, ուր ներկա գտնվեց Ներկայացուցիչների պալատի նիստին, որի ընթացքում պալատի խոսնակը պատգամավորների անունից ողջունեց Հայաստանի ԱԳ նախարարին:
Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվեց նաեւ Քարլթոն համալսարանում, ուր հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ:
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ադրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուժի օգտագործումը կամ դրա սպառնալիքը չպետք է օգտագործվեն որպես բանակցությունների խաղաթուղթ: Ադրբեջանի ղեկավարության կողմից սուր ճոճելը, ռազմատենչ հայտարարությունները, ազգային թշնամանք սերմանող հռետորաբանությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում են, այլեւ բացահայտ հակասում են իբրեւ ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչության բարեկեցությունը ապահովելու մտադրության մասին Ադրբեջանի կեղծ խոստումներին: Ինչ աստիճանի ցինիզմ պետք է ունենալ` խոստանալ հոգալ մեկի մասին` միաժամանակ սպառնալով սպանել նրան, եթե չհնազանդվի: Հնարավոր չէ հիմնախնդիրը լուծել` առաջարկելով հակամարտության պատճառը`որպես կարգավորման մեխանիզմ:
Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, թե Ադրբեջանի դրոշի ծածանումը Ստեփանակերտում կմարմնավորի հիմնախնդրի կարգավորումը: Իրականում` Ստալինի կողմից 1921թ. հենց այդ դրոշի բռնի պարտադրումը Արցախին հետագա հակամարտության պատճառ հանդիսացավ»:
Նախարար Նալբանդյանը պատասխանեց նաեւ ներկա դիվանագետների, փորձագետների ու ուսանողների բազմաթիվ հարցերին:
Ավարտելով այցելությունը` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Երեւան: