Մեկնարկեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցելությունը Կանադա

01 հունիսի, 2010

Հանդիպումներ կայացան Կանադայի խորհրդարանի նախագահի եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Կանադա:

Օտտավայում նախարար Նալբանդյանի օրակարգը հագեցած էր Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներակայացուցիչների հետ հանդիպումներով:

Կայացավ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Լոուրենս Քեննոնի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով Օտտավա այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ասաց. «Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: 21-րդ դարում աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության ընդլայնման համար: Հայաստանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող շատ երկրների հետ եւ մենք մտադիր ենք գործուն քայլեր ձեռնարկել Կանադայի հետ բարեկամական համագործակցության առավել զարգացման համար: Հենց այդ ուղերձով եմ ես այցելում Կանադա» - ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարարները շարունակեցին շուրջ երկու տարի առաջ Քվեբեկում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում մեկնարկած երկկորղմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությունը, որը պարբերական բնույթ ստացավ տարբեր համաժողովների շրջանակներնում անցկացված հանդիպումների շնորհիվ: Վերջին մեկ տարվա ընթացքում կայացել է Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հինգ հանդիպում:

Առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում գործում են կանադական կապիտալով շուրջ երկու տասնյակ ընկերություններ եւ համատեղ ջանքերով դրանց թիվը կարող է ավելանալ:

Հայաստանի եւ Կանադայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը եւ գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ գործընթացը կշարժվի առաջ, երբ թուրքական կողմը պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել ստորագրված արձանագրությունները:

Նախարար Քենոնը իր հերթին նշեց, որ Կանադան ողջունում է բոլոր ջանքերը, որոնք կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պիտեր Միլլիքենի հետ էր:

Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները, միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանների ներդրումը երկկողմ փոխգործակցության զարգացման գործընթացում:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Հայաստանի արտգործնախարարն ու Կանադայի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:

Կանադայի խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ «Կանադա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անդամների հետ:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Կանադայի ներկայացուցիչների պալատի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Էդվարդ Նալբանդյանի օրակարգի հաջորդ հանդիպումը Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիի hետ էր: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին նախարար Քենին ասաց, որ ինքը Հայաստանի եւ կանադահայ համայնքի բարեկամն է, նշեց, որ միշտ ուշադրությամբ է հետեւում Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայա-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ջեյսոն Քենիի ունեցած նպաստի համար:

Զրուցակիցները անդրադարձան նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբադյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպեց կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Օտտավայում իր ունեցած եւ կայանալիք հանդիպումները, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերին:
Տպել էջը