Սինգապուրում Հայաստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Սինգապուրի նախագահին
28 մայիսի, 2010Մայիսի 27-ին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Սինգապուրի նախագահ Սելապան Ռամանաթանին (Sellapan Ramanathan):
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում նախագահ Սելապան Ռամանաթանը հաջողություն մաղթեց Սինգապուրում Հայաստանի առաջին դեսպանին եւ համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին:

Խոսելով երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների մասին` ՀՀ նորանշանակ դեսպանը շեշտեց Հայաստանի եւ Սինգապուրի գործարար շրջանակների միջեւ անմիջական կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նշվեց նաեւ Սինգապուրի հարուստ փորձի օգտագործման կարեւորությունը ՀՀ տնտեսական զարգացման եւ հասարակական ինստիտուտների ամրապնդման գործընթացներում: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տարբեր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Դեսպան Սարգսյանը Սինգապուրի նախագահին համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, խոսեց տարածաշրջանային խնդիրների, հարեւան պետությունների հետ առկա հարաբերությունների մասին:
Զրույցի ընթացքում նախագահ Ռամանաթանը անդրադարձավ Սինգապուրի պատմության մեջ հայազգի գործիչների ունեցած բացառիկ դերակատարությանը: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ նաեւ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին` նա առաջարկեց քայլեր ձեռնարկել մշակութային փոխանակումներն ակտիվացնելու ուղղությամբ: