Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցՍիրիայի քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսների պատվիրակությանը

21 մայիսի, 2010

Մայիսի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրավերով Հայաստան ժամանած Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների ներկայացուցչական պատվիրակությանը` Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Սիրիայի հետ հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ, ինչը նշանավորվեց երկու երկրների նախագահների փոխայցելություններով, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացմամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, մտքեր փոխանակեցին միջկրոնական համակեցության խնդիրների շուրջ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիայում կրոնական համայնքների կենսագործունեության համար ստեղծված պայմանները:

Հյուրերի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Տպել էջը