Երեւանում քաղաքական խորհրդատվություններ կայացան Հայաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարությունների միջեւ
14 մայիսի, 2010Ս.թ. 14-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ռումինական կողմից` ԱԳՆ տարածաշրջանային համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Իրինա Զիդարուն:
Խորհրդատվություններին քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակով, միեւնույն ժամանակ նշելով երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու անհրաժեշտությունը:

Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները անդրադարձան հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի առաջիկա անելիքներին, նախանշեցին տնտեսական, իրավապայմանագրային եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները:
Այդ առումով ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ Հայաստանում եւ Ռումինիայում 2010-2011թթ. մշակութային միջոցառումներ կազմակերպելու, համատեղ բիզնես սեմինարներ անցկացնելու եւ մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրման նախապատրաստելու ուղղությամբ: Ռումինական կողմը հետաքրքրություն հայտնեց Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի եւ գրականության դասընթաց կազմակերպելու եւ այդ նպատակով Հայաստանից դասախոս գործուղելու հնարավորությամբ:
Քննարկվեցին նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության, ՍԾՏՀ եւ միջազգային այլ կառույցներում համագործակցության հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Քաղաքական խորհրդատվությունների շրջանակներում ռումինական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:
Փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես հայ-ռումինական երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաեւ եւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր:
Երկու ԱԳՆ-երի միջեւ քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել Բուխարեստում: