Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆին

14 մայիսի, 2010

Ս. թ. մայիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ )գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆի (Dr. Jacques Diouf) հետ, որը Հայաստանում է գտնվում մայիսի 10-14-ը Երեւանում կայանալիք Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանին եւ Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին մասնակցելու նպատակով::

Ողջունելով հյուրին, արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի եւ Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձեւավորվել:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ գոհունակություն հայտնեց, որ Երեւանում գործող ՊԳԿ տարածաշրջանային ներկայացուցչութունը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ:

Ժակ Դիուֆը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության հաստատակամությունն ու ջանքերը ուղղված Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ իրականացմանը, վստահեցնելով, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը այսուհետ եւս կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը, նպաստել երկրի գյուղատնտեսության զարգացմանը:

Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը կարեւոր համարելով Երեւանում գյուղատնտեսության եւ պարենի ոլորտի տարածաշրջանային հանդիպման անցկացումը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Տպել էջը