Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին

12 մայիսի, 2010

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Ս.թ. մայիսի 11-ին Ստրասբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին:

Նախարարների կոմիտեի նիստին մասնակցում էին ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները:

Օրակարգում ներառված էին Եվրոպայի խորհրդի գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ - Եվրոպական միություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացումը, այլ հարցեր:

Նստաշրջանին ելույթ ունեցավ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Իր ելույթում արտգործնախարարը Հայաստանի աջակցությունը հայտնեց կազմակերպության բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը, այդ թվում հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությունների միջոցով: Այդ համատեքստում նախարարը տեղեկացրեց ս.թ. հոկտեմբերին ԵԽ հովանու ներքո Հայաստանում կայանալիք Ժողովրդավարական ապագայի համար ֆորումի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ասաց. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավել հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչեվ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրեւ թե ընդունում են այն` որոշ բացառություններով: Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունը ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար:

Ելնելով նախորդ տարիների փորձից, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա ապակառուցողական են: Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի Նախագահի նախաձեռնությունն էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները եւ ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ եւ աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ եւ փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, եւ այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»:

Նախարար Նալբանդյանի ստրասբուրգյան օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Ստրասբուրգ ժամանելուն պես` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկեցին Եվրոպայի խորհրդի բարեփոխումների հեռանկարները, տարածաշրջանային հարցեր:

Զրուցակիցները խոսեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, ինչպես նաեւ անդրադարձ կատարեցին արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման, մշակութային փոխանակումների ակտիվացման հնարավորությունները:

Նախարարները քննարկեցին այս տարվա հոկտեմբերին Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նախարար Զբոգարի բնորոշմամբ` Սլովենիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն կստեղծի խորացնելու երկու երկրների հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով` հաշվի առնելով, որ նախագահին ուղեկցելու է գործարարներ մեծ խումբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Զբոգարը մտքեր փոխանակեցին նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ավարտելով այցելությունը Ստրասբուրգ` Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվեց Բրյուսել:
Տպել էջը