ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի երրորդ հանդիպմանը

30 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» (Democracy, good governance and stability) պլատֆորմի երրորդ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ անդամ եւ վեց գործընկեր երկրների ներկայացուցիչներ:

Իր ելույթում փոխնախարար Ղազինյանն ընդգծեց Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը ՀՀ կողմից տրվող կարեւորությունը, նշելով ՀՀ պատրաստակամությունն ակտիվորեն ներգրավվելու դրա բազմակողմ ձեւաչափում:

Նիստի ընթացքում` հանրային կառավարման եւ բարեփոխումների քննարկումերի ժամանակ տիկին Ղազինյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին` մասնավորապես նշելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները:

Հանդիպման ավարտին որոշում ընդունվեց «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում ստեղծել ԵՄ եւ գործընկեր վեց անդամ երկրների համապատասխան ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներից կազմված կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ:
Տպել էջը