Նյու-Յորքում անց են կացվում Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 23-ին եւ 24-ին Նյու Յորքի եւ Նյու Ջերսի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 95-ամյակի նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, ընդունելություններ, որոնց մասնակցել են Նյու Յորքում ՀՀ դիվանագիտական անձնակազմը, հայկական կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի քարտուղարության եւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, ցեղասպանությունը վերապրողներ եւ ԱՄՆ արեւելյան ափի հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ:

Միջոցառումների ընթացքում որպես օրվա բանախոս ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին` այդ համատեքստում կարեւորելով միջազգային հանրության շարունակական ջանքերն ու հայկական սփյուռքի դերակատարությունը: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպանը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման եւ հիմնարար ազատություններին ու իրավունքները սահմանող այլ միջազգային դաշնագրերի պահանջներին, չնվազեցնի այդ պահանջները, այլ փոխարենը ճնշումներ գործադրի եւ այլ ազգերի միջեւ պատմության մութ էջերը հաղթսհարելու իր օրինակով ստիպի, որպեսզի այսօրվա Թուրքիան, նույնպես ճանաչի, դատապարտի եւ վերանայի իր դիրքորոշումն իրականացրած ցեղասպանության եւ շարունակական բնույթ կրող մերժողականության քաղաքականությունը հայության հանդեպ:

95-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նյու Յորքում կշարունակվեն նաեւ ապրիլի 25-ին: Այդ օրը »Թայմս Սկուվեր« հրապարակում նախատեսվում է հայ համայնքի կողմից կազմակերպվելիք ամենամյա հիշատակի բողոք ցույց: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է տեղական ԶԼՄ-ների կողմից:
Տպել էջը