Հունաստանում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակիննվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2010

Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման արարողությունների մեկնարկը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տրվեց ապրիլի 23-ի երեկոյան:

Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակում կազմակերպվել է հունահայ սիրված երգիչ Հայկ Յազըջյանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Հունաստանի շրջանային վարչության երիտասարդական պարախմբերի համերգը: Հանդիսավոր միջոցառումների եւ դրան նախորդած օրերին Սինտագմա հրապարակում նաեւ կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես:

Տեղակայվել է տաղավար, որտեղ ցուցադրվում են տեսաժապավեններ, պատմական լուսանկարներ եւ գրքեր` հույն հանրությանը ցեղասպանության մասին ավելի լայնորեն իրազեկելու եւ ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչմանը նրանց մասնակից ու հաղորդակից դարձնելու նպատակով:

Ապրիլի 24-ին, Աթենքի Նեա Զմիռնի /"Նոր Զմյուռնիա"/ թաղամասի "Զանգակ" հուշակոթողի մոտ տեղի կունենա ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, իսկ ապրիլի 25-ին "Ատտիկոն" սրահում կկայանա հիշատակի արարողությունների կենտրոնական ձեռնարկը:

Ապրիլի 25-ին ցեղասպանության 95-ամյակի միջոցառումներ կանցկացվեն նաեւ Հունաստանի Սալոնիկ եւ Կոմոթինի քաղաքներում:
Տպել էջը