Բրյուսելում անց են կացվել Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2010

Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 95-տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որը նախաձեռնել էին Բելգիայում ՀՀ դեսպանություն եւ Բելգիայում գործող հայկական կազմակերպությունները:

Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենայի եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթը շարժվեց դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Բենելյուքսի երկրներում հայրապետական պատվիրակ Զատիկ վարդապետ Ավետիքյանի օրհնությամբ խաչքարի մոտ խունկ վառվեց, հնչեցվեց տերունական աղոթքը: Այնուհետեւ ելույթներ ունեցան Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը եւ Բելգիահայերի կոմիտեի նախագահ Մ. Մամուրյանը:

Դեսպան Ադոնցը, անդրադառնալով օրվա խորհուրդին, հույս հայտնեց, որ Ցեղասպանության սակավաթիվ վերապրածներ դեռ կարող են ականատես լինել դրա համատարած ճանաչմանը: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Ընդգծվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներ չի կարող դիտարկվել այս համատեքստում, եւ որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք որեւէ նկատառումով չի կարող անտեսել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաեւ Բելգիայի խորհրդարանին Ցեղասպանության ճանաչման եւ դատարպարտման համար:

Արարողությանը մասնակցում էին Բելգիայի խորհրդարանի, տեղական իշխանության մարմինների, հրեական, թութսիական եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տպել էջը