Արգենտինայի Սենատում նշվեց Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցը

24 ապրիլի, 2010

Արգենտինայի Ազգային սենատի եւ Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ, ս.թ. ապրիլի 22-ին Սենատի «Մանուել Բելգրանո» դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի խորհրդարանի անդամներ, անվանի քաղաքական-հասարակական գործիչներ, ինչպիսիք են՝ Արգենտինայի Հաշվիչ պալատի նախագահ Լեանդրո Դեսպույը, Խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Ազգային ինստիտուտի նախագահ Կլաուդիո Մորգադոն, Արգենտինայի հրեական կազմակերպությունների ընկերակցության նախագահ Ալդո Դոնցիսը, ԱՀ արտաքին գործերի, միջազգային առեւտրի ու պաշտամունքի նախարարության պաշտամունքի հարցերով փոխնախարար Գիլյերմո Օլիվիերին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների անդամներ, բազմաթիվ լրագրողներ:

Միջոցառմանը մասնակցեցում էին նաեւ Արգենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանն ու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:

Ելույթներով հանդես եկան Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը, Արգենտինայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Ռիկարդո Ալֆոնսինը, Սենատի անդամ Դանիել Ֆիլմուսը, Դաշնային դատավոր Դանիել Ռաֆեկասը, Խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Ազգային ինստիտուտի փոխնախագահ Պեդրո Մուրադյանը, «Մայիսյան հրապարակի տատիկներ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Էստելա Կարլոտտոն:

Նշելով, որ աշխարհի երկու տասնյակից ավելի խորհրդարաններ, կառավարություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին, այդ թվում 2007 թվականին՝ թիվ 26.199 օրենքով նաեւ Արգենտինայի կառավարությունը, ելույթ ունեցողները կոչ արեցին թուրքական իշխանություններին քաղաքական կամք դռսեւորել ու հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու անիմաստ քաղաքանությունից:
Տպել էջը