Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայ պատվիրակության ղեկավարին

23 ապրիլի, 2010

Ապրիլի23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար, քաղաքական եւ անվտանգության հարցերով գլխավոր կոմիտեի զեկուցող, Իտալիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, Ռիկարդո Մալիորիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը լի է փոխադարձ համակրանքով եւ բարեկամության դրսեւորումներով, ինչը նոր զարգացում է ապրել Հայաստանի անկախացումից ի վեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ հանդիպման համար, պրն. Մալիորին կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում Իտալիայի եւ Հայաստանի պատվիրակությունների սերտ համագործակցությունը:

Երկուստեք դրական գնահատվեց հայ-իտալական երկկողմ հարաբերությունները, կարեւորվեց խորհրդարանների միջեւ համագործակցության առավել խորացումը:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը, անդրադարձավ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին, ինչպես նաեւ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ռ.Մալիորին հայտնեց, որ համակրանքով է հետեւում հայկական կողմի ջանքերին` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Իտալացի պատգամավորը նշեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդին եւ Թուրքիային առնչվող հարց է, այլ մի հիմնախնդիր, որ հուզում է ողջ միջազգային հանրությանը եւ տեղեկացրեց, որ Երեւան է ժամանել Հայոց Ցեղասպանությանը 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Տպել էջը