ԱՄՆ Կոնգրեսում ոգեկոչվում է Հայոց Ցեղասպանության 95-ամյակը
22 ապրիլի, 2010Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության եւ ամերիկահայ հասարակական կազմակերպությունների հովանու ներքո տեղի ուենցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արդեն ավանդական դարձած միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին եւ ելույթներով հանդես եկան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը, հայանպաստ խմբի մի քանի տասնյակ անդամներ, Սենատի անդամներ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները: Ներկա էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները, ցեղասպանության վերապրողներ, Վաշինգտոնի, ինչպես նաեւ ԱՄՆ տարբեր նահանգներից ժամանած հայ համայնքերի մոտ 400 ներկայացուցչներ, այդ թվում` դպրոցականների խմբեր Նյու Յորքից եւ Նյու Ջերսիից:
Միջոցառումը վարում էին հայանպաստ խմբի համանախագահներ, ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փըլոնը եւ Մարկ Քըրքը: Իրենց ելույթներում բոլոր կոնգրեսականները կարեւորում էին Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը ոչ միայն հայ, այլ հատկապես, թուրք եւ ամերիկյան ժողովրդների համար:
Ներկայացուցչիների պալատի խոսնակ Նենսի Փըլոսին իր ելույթում նշեց, որ ինքը 23 տարի առաջ Կոնգրեսի անդամ դառնալուց ի վեր, անդադար պայքար է մղել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը իրականություն դարձնելու համար եւ պատրաստ է շարունակել պայքարը այնքան ժամանակ միչեւ արդարությունը կհաղթի: Նա ասաց, որ Ցեղասպանության ճանաչումը կօժանդակի Թուրքիային վերագնահատել իր պատմությունը, շրջել այդ արյունալի էջը եւ կառուցել ժամանակակից երկիր:
Դեսպան Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, ասաց, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը յուրատեսակ փորձաքար դարձավ Թուրքիայի համար նորովի անդրադառնալու իր երկրի անցյալին հանուն խաղաղ ապագայի: Իրադարձություները ցույց տվեցին ողջ միջազգային հանրությանը, որ Թուրքիան չունի այդ քաղաքական կամքն ու վճռականությունը եւ շարունակում է մնալ իր իսկ ժխտողականության պատանդը: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին դեսպանը նշեց, որ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հաշվին: Իր հերթին Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որին շարունակելու է հետամուտ լինել Հայաստանը միայն կնպաստի Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը: