Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառում Մոսկվայում

22 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 20-ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունը` Արեւմտյան հայերի հայրենակցական միության, «Արցախի բարեկամներ» ակումբի, Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի եւ «Նոեւ Կովչեգ» թերթի աջակցությամբ կազմակերպել էր հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բացման խոսքով հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ելույթ են ունեցել նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Ռոբերտ Անանյանը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի ներկայացուցիչ Քահանա Գեւորգ Վարդանյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչ Քահանա Ալեքսանդր Վասյուտինը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Իգոր Չեռնիշենկոն («Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցություն) Սեմյոն Բաղդասարովը («Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցություն), Մաքսիմ Միշչենկոն («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն, «Ռոսիյա Մոլոդայա» շարժում) եւ Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումի խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է տեսաֆիլմ` նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, հնչել են ստեղծագործություններ` Ալեքսանդր Յուրլովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական երգչախմբային կապելլայի կատարմամբ:

Հուշ երեկոյին ներկա էին ռուս եւ հայազգի հասարակական գործիչներ, գիտության, արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներ:
Տպել էջը