Պադովայում անցկացվել են Հայոց Ցեղասպանության 95-ամյակիննվիրված միջոցառումներ
22 ապրիլի, 2010Ս.թ. ապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ` գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 95-ամյակին:
Միջոցառումը բացել է Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, որը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ Պադովա քաղաքը առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ քաղաքապետարանի բակում փակցրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նա, համարելով Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր մարդկության դեմ, անհրաժեշտ համարեց այդ մասին մշտապես հիշեցումն ու դատապարտումը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը բարձր է գնահատել Պադովայի քաղաքապետարանի եւ անձնապես քաղաքապետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Դեսպանը կարեւորել է Գրացիելլա Վիգոյի կողմից կատարված աշխատանքը եւ շեշտել, որ միջոցառումը խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլեւ` նրա լուսավոր ապագան ու հայ ժողովրդի հավերժությունը:
Միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական եւ մշակույթի շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: