Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպել է Հնդկաստանիառեւտրի եւ արդյունաբերության նախարար Անանդ Շարմայի հետ
07 ապրիլի, 2010Ս.թ. ապրիլի 7-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպել է Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անանդ Շարմայի հետ:
Դեսպան Հակոբյանն ընդգծել է հայ-հնդկական հարաբերություններին բնորոշ ջերմ եւ բարեկամական բնույթը, երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների եւ ավանդույթների առկայությունը ու երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նա նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Դեսպանը փաստել է, որ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ոլորտում առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին` մասնավորապես քննարկելով երկկողմ առեւտրային ռեժիմի ազատականացման, գործարար շրջանակների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, փոխադարձ ներդրումների խրախուսման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հետ կապված հարցեր: