Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին

07 ապրիլի, 2010

Ս. թ. ապրիլի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին (Abdou Diouf):

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդգծեց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, որն այս տարի համընկնում է ՖՄԿ 40-ամյա հոբելյանի հետ:

Կողմերը հանգամանալից զրուցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի առավել սերտացմանն ուղղված քայլերի վերաբերյալ` կարեւորելով Հայաստանի Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ համալսարանների արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների հետ:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Աբդու Դիուֆի համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ խոսքը եւ պատասխանները հարցերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու ԴԻՈՒՖԻ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Բարի գալուստ, պարոն Գլխավոր քարտուղար:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի հետ հաստատել է գերազանց որակի հարաբերություններ, որոնք նշանակալի զարգացում են ապրել Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, ասոցացված անդամի կարգավիճակով, Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Այս անդամակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների ամրագրման վրա, որոնք են լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերեն լեզվի, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության առաջխաղացումը, որ մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի մյուս անդամ երկրների հետ միասին:

Հայաստանը, Ֆրանկոֆոնիայի մյուս բոլոր անդամ պետությունների հետ մեկտեղ, որոնց համար երկխոսության շրջանակ է հանդիսանում ֆրանսերեն լեզուն, մեծ կարեւորություն է տալիս քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերտ կապեր հաստատելուն:

Մեծ հաճույքով պիտի արձանագրեմ, որ Ֆրանկոֆոնիայի հարուստ ավանդույթները Հայաստանում զարգացում են ապրում բոլոր մակարդակներում` թե կրթական, թե մշակութային, թե գիտական, թե լրատվամիջոցների եւ թե այլ ոլորտների առումով. դրա ամենավերջին ապացույցն է, Հայաստանում արդեն ավանդական դարձած, Ֆրանկոֆոնիայի միամսյակը, որն աչքի ընկավ այս շրջանակներում կազմակերպված մի քանի տասնյակ միջոցառումներով:

Կցանկանայի ընդգծել նաեւ անցյալ տարի Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ Հուշագրի ստորագրումը, որի շնորհիվ ՀՀ պետական համակարգում ներգրավված բազմաթիվ պաշտոնյաներ ներկայումս սովորում են ֆրանսերեն:

Մեծ հաճույքով պետք է նաեւ հայտնեմ, պրն. Գլխավոր քարտուղար, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաջորդ շաբաթվանից սկսում է ֆրանսերենի ուսուցման ծրագիրը` նախատեսված հայաստանյան լրագրողների համար:

Ֆրանկոֆոնիան իր իրողությունն է ամրապնդում մեր երկրում` ՀՀ Ազգային ժողովի եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հայաստանյան համալսարանների կողմից Ֆրանկոֆոնիայի այլ գործընկեր կառույցների հետ հաստատած սերտ կապերի շնորհիվ:

Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար, այս պարագայում խոսքը միանշանակ վերաբերում է միանգամայն դրական զարգացումներին, որոնք պետք է նպաստեն մեր կապերի խորացմանը:

Այժմ, պարոն Գլխավոր քարտուղար, խոսքը փոխանցում եմ Ձեզ:

Նարինե Նազարյան, "Արմենպրես" գործակալություն. Պարոն նախարար հաջորդ շաբաթ կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն` մասնակցելու միջուկային անվտանգության համաժողովին: Կարող եք հաստատել, որ կկայանան հանդիպումներ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ: Շնորհակալություն:

Պատասխան. Ես կարող եմ հաստատել, որ Վաշինգտոն այցելության ժամանակ կայանալու է հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Միացյալ Նահանգների Նախագահ պարոն Օբամայի միջեւ:
Վերջին շրջանում երկու երկրների` Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարների միջեւ եւ մենք վստահ ենք, որ գալիք հանդիպումը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջեւ նոր որակ, նոր թափ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին:

Ինչ վերաբերվում է հանդիպմանը Թուրքիայի վարչապետի հետ, ապա այս պահին այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերված չէ:

Ես կարող եմ տեղեկացնել ձեզ, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում է գտնվում վարչապետ Էրդողանի հատուկ բանագնացը` պարոն Սինիրլօղլուն, որը նաեւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարն է եւ որին այսօր կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահը եւ նաեւ հանդիպում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ:

Ազատություն ռադիոկայան: Պարոն նախարար, երեկ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները եւ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ են սկուտեղի վրա մատուցել 5 շրջանները, այսինքն վերադարձնել Ադրբեջանին, անորոշ թողնելով մնացած սկզբունքային խնդիրների լուծումը այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ես ուզում եմ ճշտել արդյոք կա նման պայմանավորվածություն տարածքները վերադարձնելու հետ կապված եւ մի վերջին անգամ կհստակեցնեիք, բանակցային սեղանին այսօր մադրիդյան սկզբունքներն են թե նորացված սկզբունքները եւ որին է դեմ կամ կողմ Հայաստանը: Շնորհակալություն:

Պատասխան. Նախեւառաջ ասեմ, որ առանց հիմնախնդրի գլխավոր հարցի` Ղարաբաղի կարգավիճակի լուծման եւ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ես նորից շեշտեցի դա, ոչ միայն Հայաստանը, եռանախագահներն ել են հասկանում, եւ բոլորն են հասկանում, որ գլխավոր հարցը` Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ այդ իրավունքի իրագործման հարցն է:

Առանց այդ հարցի լուծման մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն: Իսկ ինչ վերաբերվում է այն աշխատանքային առաջարկներին, որոնք եռանախագահների կողմից ներկայացվում են բանակցությունների ընթացքում, այդպիսի առաջարկներ բազմիցս արվել են, արվում են եւ կարվեն, եւ կողմերի միջեւ քննարկվել են եւ կքննարկվեն մինչեւ նրանք հնարավորություն ունենան մոտեցնել իրենց դիրքորոշումները:

Սրա մասին ես բազմիցս հայտարարել եմ, նաեւ եռանախագահներն էին հայտարարել, երբ վերջին անգամ Հայաստանում էին:
Տպել էջը