Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին

06 ապրիլի, 2010

Քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղիները

Ապրիլի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստան ժամանած Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի (Stefan Fule) գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հանձնակատարի առաջին այցելությունը Հայաստան` նախարար Նալբանդյանը նշեց, որ այն լավ հնարավորություն է ընձեռնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԵՄ հաստատություններ կատարելիք այցին ընդառաջ ՀՀ-ԵՄ օրակարգում առկա տարբեր հարցերի քննարկման եւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերի հստակեցման համար:

Երկուստեք գոհունակությամբ շեշտվեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, եւ որ համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով: Կողմերը հույս հայտնեցին, որ կամրապնդվեն Արեւելյան գործընկերության հիմքերը, եւ կընդլայնվի համագործակցությունը ինչպես Արեւելյան գործընկերության երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:

Հանձնակատար Ֆյուլեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ուրախ է Հայաստան այցելել, եւ ԵՄ կողմից տարբեր մակարդակներում պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են արեւելյան հարեւաններին տրվող կարեւորության մասին:

Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որը նրա բնորոշմամբ, իր կարեւոր նպաստն է բերում եվրաինտեգրման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների նախատեսվող մեկնարկը, համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը: Նախարար Նալբանդյանն առանձնահատուկ շեշտեց Հայաստանի կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու խնդրին տրվող կարեւորությունը, նշելով, որ այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվել են մի շարք անհրաժեշտ քայլեր: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց նաեւ, որ Հայաստանը ռեադմիսիայի մասին համաձայնագրեր ունի ԵՄ մի շարք երկրների հետ, եւ պատրաստ է նման համաձայնագիր կնքել ԵՄ հետ:

Հանձնակատար Ֆյուլեն տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ վարելու մանդատի հարցը գտնվում է ԵՄ ներքին քննարկումների ավարտական փուլում եւ հավանաբար ս.թ. ապրիլի վերջին ԵՄ խորհրդի կողմից կհաստատվի Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի բանակցային մանդատը:Մուտքի արտոգրային ռեժիմի դյուրացման առումով հանձնակատար Ֆյուլեն ասաց, որ դա Արեւելյան գործընկերության հիմնական նպատակներից մեկն է եւ եվրոպական կողմը հանձնառու է այդ նպատակի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց կարգավորման գործընթացի նկատմամբ ԵՄ անվերապահ աջակցության ու կառուցողական դիրքորոշման համար: Այդ համատեքստում հանձնակատար Ֆյուլեն վերահաստատեց ԵՄ աջակցությունը գործընթացին եւ հույս հայտնեց, որ կողմերն առանց նախապայմանների կվավերացնեն եւ կիրագործեն շուրջ վեց ամիս առաջ ստորագրված արձանագրությունները:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները լրատվամիջոցների հարցերին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւանում գտնվող ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Համագործակցությունը Եվրոպական Միության հետ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Ուրախալի է, որ այդ հետաքրքրությունը փոխադարձ է, ինչի վկայությունն են վերջերս ԵՄ բարձր պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան:

Պարոն Ֆյուլեի այցը լավ առիթ է Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցին ընդառաջ քննարկելու ՀՀ-ԵՄ օրակարգը եւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերի հստակեցումը:

Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով:

Այս առումով հայկական կողմը հատկապես կարեւորում է ազատ առ—տրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը:

Պարոն Ֆյուլեի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք Արեւելյան գործընկերության ամրապնդումը: Ես, ինչպես նաեւ պարոն Ֆյուլեն, հույս հայտնեցինք, որ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում կընդլայնվի:

Հանդիպման ընթացքում մենք անդրադարձանք նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Այժմ խոսքը փոխանցեմ պարոն Ֆյուլեին, ապա կպատասխանենք ձեր հարցերին:

Խնդրեմ:

Էմմա Գաբրիելյան, "Ժամանակ" օրաթերթ. - Առաջին հարցս, պարոն Նալբանդյան, Ձեզ կուղղեի: "Der Spiegel"-ին տրված հարցազրույցում Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հարցը այսպիսին է, պարոն Նալբանդյան, 2009թ. հուլիսին բացահայտվել են մադրիդյան սկզբունքների որոշ կետեր` 6 կետեր: Այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի իրավականորեն կամարտահայտության միջոցով, բառացի: Ես ուզում եմ հարցս այսպես ձեւակերպել: Հայկական դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում թե ոչ, եթե ոչ ինչպե՞ս եք մեկնաբանում այդ դիրքորոշումների տարբերությունը: Եվ երկրորդ հարցս, պարոն Ֆյուլեին եմ ուղղում: Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը դուք ինչպես կբնութագրեք եւ մասնավորապես այդ գործընթացը ինչպես կարող է ազդել Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի վրա, շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան.- Ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին. ասեմ որ որեւէ բան մեր դիրքորոշման մեջ չի փոխվել: Մենք բազմիցս հայտարարել ենք եւ ոչ միայն մենք, եռանախագահներն ել են հասկանում, որ գլխավոր հարցը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դա Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է: Համապատասխան այդ կոնտեքստին, հանրապետության Նախագահի հայտարարությունը խոսում է հենց դրա մասին: Եվ եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, մնացած հարցերը ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների ու լուծումների գալ:
Տպել էջը