Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է միջոցառում`«Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան» խորագրով
24 մարտի, 2010Ս. թ. մարտի 18-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության եւ Համահայկական հիմնադրամի Արեւելյան ափի գրասենյակի հովանու ներքո կազմակերպվել է միջոցառում`«Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան» խորագրով:
Միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր, ներկա է եղել նաեւ Լինսի հիմնադրամի փոխնախագահ եւ Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանը:
Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը, մեծապես կարեւորելով Համահայկական հիմնադրամի գործունեությունը անցած 17 տարիների ընթացքում նշել է, որ այն ունի ոչ միայն նյութական, այլեւ` բարոյական արժեք: Հայոց պետականության ամրապնդման առաջին դժվարին, մութ եւ ցուրտ տարիներին, հիմնադրամի գործունեությունը հույս է արթնացրել հայ ժողովրդի մեջ` հիշեցնելով, որ Հայաստանը միայնակ չէ, որ համայն հայությունը միասնական է:
Այնուհետեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը ներկաներին ծանոթացրել է հիմնադրամի գործունեությանը եւ ծրագրերին, որոնք ներառում էին կրթական, առողջապահական եւ գյուղատնտեսական ոլորտները, ներկայացրել է Շուշիի վերականգնման ծրագրերը:
Ցուցադրվել է կարճամետրաժ ժապավեն` նվիրված Շուշիի բնակիչների կենսապայմաններին եւ կարիքներին: