ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը "Նովոստի-Արմենիա" գործակալության հարցին
19 մարտի, 2010Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի երեկ արված հայտարարությունները:
Պատասխան. Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը:Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը ,եւ միեւնույն է չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից: