ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին

15 մարտի, 2010

Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կատարեց Բեռլին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:

Նախարարներ Նալբանդյանի եւ Վեստերվելլեի հանդիպումն անցավ առանձնազրույցի, ապա` ընդլայնված ձեւաչափով:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ասաց. «Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի` Եվրոպական Միության հիմնադիր եւ առաջատար երկրներից մեկի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը»: ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Երկուստեք ընդգծվեց, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, համագործակցությունը մշակութային եւ կրթական ոլորտներում:

Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ՀՀ Նախագահի Գերմանիա կատարելիք առաջիկա պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում գործում է գերմանական կապիտալով առավել քան չորս տասնյակ ընկերություն եւ համատեղ ջանքերով դրանց թիվը մոտակա տարիներին կարող է կրկնապատկվել:

Զրուցակիցներն արծարծեցին նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Նախարարները քննարկեցին Երեւանում Գյոթեի ինստիտուտի բացման հնարավորությունը:

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները: Երկուստեք կարեւորվեց հիմնահարցի խաղաղ կարգավորումը` 2008թ. Հելսինկիում եւ 2009թ. Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդների հայտարարություններին համահունչ, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Նախարարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, «Արեւելյան Գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցությանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը:

Հանդիպմանը քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը նշեց. «Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացի շարունակությունը եւ հաջողությունը, ապա պետք է զերծ մնա նախապայմանների լեզվով խոսելուց, ձգձգման արհեստական պատրվակներ փնտրելուց եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի արձանագրությունների վավերացման եւ իրականացման համար»: Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը հետամուտ է իր նախաձեռնությամբ սկսված գործընթացի առաջընթացին եւ նույնն ակնկալում է Թուրքիայից:

Նախարար Վեստերվելլեն նշեց, որ Գերմանիան ողջունել եւ աջակից է բոլոր ջանքերին, որոնք կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Արտաքին գործերի պետքարտուղար Վոլֆ-Ռուտհարթ Բոռնի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելեց նաեւ Բունդեստագ, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Բունթեստագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից մեծապես ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնեց, որ այս պատմական առիթը բաց չի թողնվի եւ միջազգային հանրության ակնկալիքները կիրականան:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, պատգամավորների միջեւ փոխգործակցության հարցերը:

Նույն օրը երեկոյան ՀՀ արտգործնախարարը հյուրընկալվեց Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանեց ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների, փորձագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին:



Խոսելով Թուրքիայից վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին` նախարար Նալբանդյանն ասաց. «Այսօր Թուրքիայի կողմից հնչող անհիմն պնդումները, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, Շվեդիայի խորհրդարանում կամ այլուր քննարկվող եւ ընդունվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը կարող են իբրեւ թե վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդհամենը շղարշ են: Իրականում հենց Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար` դրանով իսկ հարցականի տակ դնելով ողջամիտ ժամկետներ հասկացության անգամ իմաստը»: Նախարարը հույս հայտնեց, որ Թուրքիան կգիտակցի իր ներկայիս գործելաոճի հետեւանքների պատասխանատվության ծանրությունը եւ հուսախաբ չի անի միջազգային հանրությանը:

Բեռլինում Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց գերմանական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսին:

Բեռլինից Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով ուղեւորվեց Փարիզ:

Տպել էջը