Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ
05 մարտի, 2010Ս.թ. մարտի 5-ին Լյուբլյանայում Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Սլովենիայի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար տիկին Դրագոլյուբա Բենչինայի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության եւ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, Արեւելյան գործընկերության, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի եւ Սլովենիայի գործակցությանը` կողմերը նշել են, քաղաքական երկխոսության ակտիվացման կարեւորությունը, տնտեսական կապերի չօգտագործված ներուժի իրականացումը: Կողմերը հույս հայտնեցին, որ նման խորհրդատվությունները կկրեն կանոնավոր բնույթ եւ օգտակար կլինեն երկկողմ հարաբերությունների խթանման համար:

Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Սլովենիայում ընթացիկ տարում իրականացվող ..Հայաստանը մոտ եւ հեռու,, խորագրով մշակութային փառատոնի անցկացման համար:
Հայկական կողմը կարեւորել է Արեւելյան գործընկերության հռչակագրում ամրագրված "անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանը" վերաբերող դրույթի իրականացումը: Սլովենական կողմը հայտնել է իր աջակցության պատրաստակամությունը:

Նույն օրը ՀՀ ԱԳ փոխնախարար Ղազինյաը հանդիպեց Սլովենիայի Մշակույթի պետքարտուղար դոկտոր Ստոյան Պելկոյի հետ: Երկուստեք նշվեց, որ հայկական մշակույթի փառատոնը Լյուբլյանայում բացվել է ամենաբարձր մակարդակով Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ եւ մշակույթի նախարարի ներկայությամբ:
ԱԳ փոխնախարար Ղազինյանը նաեւ այցելեց Լյուբլյանայի ,,Ցանկարեւ դոմ,, մշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվում էր ,,Հայկական ավանդույթները աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ,, ցուցահանդեսը: ,,Ցանկարեւ դոմ,, մշակութային կենտրոնը, ի դեմս տնօրեն Միտյա Ռոտովնիկի, հանդիսանում է ,,Հայկական ավանդույթները աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ ցուցահանդեսի հեղինակը եւ ,,Հայաստանը մոտ եւ հեռու,, խորագրով մշակութային փառատոնի հիմնական կազմակերպիչներից մեկը: