Հայաստանում է ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությունը
02 մարտի, 2010Տեղի ունեցավ Հայաստանի եւ Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Ս. թ. մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաեւ` Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով:
Բնութագրելով Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արեւելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»:
Խոսելով ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Նախարար Մորատինոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ, եւ ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին:
Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրեց Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:
Նախարարներ Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ ենթատեքստում նախարար Մորատինոսը վերահաստատեց Եվրոպական Միության անվերապահ աջակցությունը այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս հայտնեց, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ:
Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Միգել Անխել Մորատինոսի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը ԵՄ ԱԳ նախարարների նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին
02.03.2010 թ.
Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւանում Եվրոպական միությունում նախագահող Իսպանիայի Թագավորության արտգործնախարար Մորատինոսի գլխավորած պատվիրակության այցելությունը
Հայաստան Եվրոպական միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արեւելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար: Այս առումով հայկական կողմը հատկապես կարեւորում է ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը:
Եվրոպական ընտանիքին մերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է եւ մենք նպատակադրված ենք պահպանելու այդ ուղին:
Պարոն Մորատինոսի հետ հանդիպմանը քննարկեցինք Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Մենք շնորհակալ ենք եվրոպական կողմին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ցուցաբերվող անվերապահ եւ շարունակական աջակցության համար:
Հնարավորություն ունեցանք քննարկել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Գնահատելի է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային:
Քննարկեցինք նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի Թագավորության միջեւ փոխհարաբերությունները: Ես տեղեկացրեցի իմ գործընկերոջը, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ: Հուսով ենք նաեւ Երեւանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը:
Ակնկալում ենք, որ ԵՄ իսպանական նախագահության օրոք կընդլայնվեն համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:
Խնդրեմ, պարոն Մորատինոս:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրատվամիջոցների հարցերին Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ
համատեղ ասուլիսի ընթացքում
02.03.10
Հարց. - Վերջերս լրացավ Սումգայիթյան ջարդերի 22-րդ տարելիցը, եւ այդ առիթով Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ կազմակերպիչներն անպատիժ են մնացել եւ այժմ հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամ: Ինչ քայլ է ձեռնարկում Հայաստանը նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Պատասխան. - Իհարկե ցավալի է, որ սումգայիթյան, Բաքվի, Կիրովոբադի եւ այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում, խաղաղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Ցավալի է, որ Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին հանցագործները, մարդասպանները եւ հերոսացվեցին, մեծարվեցին: Ուշ թե շուտ հանցագործները պատիժ կկրեն եւ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն: Նաեւ կցանկանալի ասել, որ վստահ եմ` կգա ժամանակ, երբ նաեւ Խուջալուի հանցագործությունների իրական կազմակերպիչները, որոնց մասին վկայում են Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, այլ ադրբեջանական աղբյուրներ, որոնք այսօր հետապնդվում են Ադրբեջանում եւ բազմաթիվ այլ աղբյուրներ, կբացահայտվեն եւ պատասխանատվություն կկրեն:
Հարց, Արամ Արարատյան, Արմինֆո գործակալություն. - Պարոն Նալբանդյան, ինչպես կմեկնաբանեիք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որի համաձայն սխալ քայլերը մարտի 4-ին կամ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հետ կապված կկացնահարեն հայ-թուրքական գործընթացը:
Պատասխան. Գիտեմ այդ հայտարարության մասին, որը վերաբերվում է ամերիկյան կոնգրեսի հնարավոր որոշումներին: Կարող եմ ասել հետեւյալը, որ Թուրքիայում հնչող հայտարարություններն են, որոնք հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախապայմանների լեզվով խոսելուն վերադարձն է հարվածում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հուսով ենք, որ Թուրքիան կձերբազատվի այն ա—հեստական բարդույթներից, որ թուրքական կողմը ստեղծում է, եւ մենք հնարավորություն կունենանք շարժվել առաջ` համապատասխան ձեռք բերված պայմանավորվածությունների:
Հարց, Պանարմենիան.նեթ գործակալություն, Եկատերինա Պողոսյան. - Հարցն ուղղված է Ձեզ, պարոն Նալբանդյան: Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարեց, որ կոնֆլիկտների կարգավորման միջազգային պրակտիկայում որոշիչը ուժի գործոնն է: Ինչպես կմեկնաբանեիք այդ հայտարարությունը:
Պատասխան. - Ձեր հարցին ես կասեի, որ հենց ուժի գործոնի կիրառումն է Ադրբեջանի կողմից, որ պատճառ դարձավ Ղարաբաղի հակամարտության: Եւ ուժի գործոնի թմբկահարումն է այսօր, որ խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Չգիտեմ, որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացության գալիս, կամ որտեղ են այդպիսի բան սովորեցնում կամ սովորում. վստահ եմ, որ ՄԳԻՄՈ-ում այդպիսի դասեր չեն տալիս:
Spanish newspaper. After 15 years of diplomatic wrangle what the European Union can do to help in the conflict that you have with Nagorno Karabakh?
Պատասխան. - Եվրամիության վերաբերյալ ես կարող եմ ասել այն, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը. դուք գիտեք, որ Հելսինկիում դեռ 2008 դեկտեմբերին արվեց 56 երկրների նախարարների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, արվեց նաեւ Եվրամիության հայտարարությունը նույն ժամանակ, երբ որ կոչ էր արվում հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրսբերման մասին: Մինչ այսօր հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրսբերման հարցը մնացել է օդում կախված: Ինչու Հայաստանը եւ Ղարաբաղը իրենց համաձայնությունն են տվել, իսկ Ադրբեջանը` ոչ: Ինչ է անում Ադրբեջանը. այսօր Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում համարյա թե ամեն օր: Ինչ կարող է անել Եվրամիությունը: Որպեսզի այսպիսի հայտարարությունները չխանգարեն գործընթացին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվի այս հարցը: Կոնկրետ առաջարկներ է եղել հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրսբերման վերաբերյալ: Եթե կողմերից մեկը հրաժարվում է, ուրեմն ինքը չի ցանկանում գնալ կարգավորման: Այս օրինակներից մեկն է, թե ինչ կարող է անել Եվրամիությունը:
Հարց. Պարոն Նալբանդյան հարցս Ձեզ եմ ուղղում: Սոչիի եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է առաջարկներ ներկայացնեն Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: Դրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ մոտակա երկու շաբաթներում Երեւանն ու Բաքում պետք է իրենց առաջարկները ներկայացնեն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Հարցս այսպիսին է. պաշտոնական Երեւանն իր առաջարկներն արդեն ներկայացրել է, թե ոչ:
Պատասխան. Ես ձեզ ասեմ, որ սա աշխատանքային գործընթաց է եւ աշխատանքային գործընթացի ժամանակ կողմերը միշտ էլ ներկայացրել են աշխատանքային առաջարկներ, որոնց վերաբերյալ արձագանքներ են եղել: Եվ այդպես շարունակվելու է, մինչեւ կողմերը չմոտեցնեն, չմերձեցնեն իրենց դիրքորոշումները եւ մինչեւ տարաձայնությունները չհարթվեն: Սա աշխատանքային պրոցես է, եւ աշխատանքային առաջարկներ են, աշխատանքային արձագանքներ են լինելու առաջարկներին: Այնպես որ, որեւէ արտառոց բան այստեղ չկա:
Հարց. Երկուշաբթի օրը վերագործարկվեց Կազբեգի-Վերին Լարս անցակետը: ԶԼՄ-երում տեղեկություններ են հայտնվել, որ Վերին Լարս անցակետի բացման գործընթացը նախաձեռնվել եւ անց է կացվել Հայաստանի միջնորդությամբ: Կարող եք հաստատել կամ հերքել այդ խոսակցությունների իսկությունը:
Պատասխան. Այժմ կարող եմ հաստատել, որ Հայաստանում իսկապես կայացել են բանակցություններ Հայաստանի միջնորդնությամբ: Եվ այսօր, երբ անցակետն արդեն գործում է, կարելի է ասել, որ դա մեծ հաջողություն է առաջին հերթին Վրաստանի, Ռուսաստանի եւ իհարկե նաեւ Հայաստանի համար: Շնորհակալություն: