Հայկական պատվիրակությունը մասնակցել է Արեւելյան գործընկերությանը նվիրված «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպմանը

02 մարտի, 2010

Ս.թ. մարտի 2-ին Բուդապեշտում տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը` նվիրված Արեւելյան գործընկերությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Արեւելյան գործընկերության մեջ ներառված պետությունների, բալթյան երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵՀ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Արեւելյան գործընկերության իրականացման ներկա փուլը, ուրվագծվեցին բազմակողմ համագործակցության այն ոլորտները, որտեղ առավել արդյունավետ կլինի գործակցության այս ձեւաչափը:

Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը` նշելով, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել համագործակցություն ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ: Նա ընդգծեց Հայաստանի պատրաստականությունը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում եւ հույս հայտնեց, որ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձն օգտակատար կլինի այս համատեքստում: Կարեւորելով Գործընկերության ներքո իրականացվող միջոցառումների ապակենտրոնացումը` տկն. Ղազինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել բազմակողմ ձեւաչափով կազմակերպվելիք որոշ հանդիպումներ, մասնավորապես` միջմարդկային շփումներին նվիրված պլատֆորմի շրջանակներում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները: Նախարարի տեղակալը կարեւորեց նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը` ընդգծելով, որ որոշ երկրների հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: Ի պատասխան ադրբեջանական կողմի դիտարկմանը, որ ԵՄ հստակորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` տկն. Ղազինյանը նախ նշեց, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային եւ խորհրդային գործող իրավունքի շրջանակներում: Նա ավելացրեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունը կոչված չէ լուծել հակամարտությունները, որոնց համար այլ ձեւաչափեր կան: Տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդումը կարող է նպաստել քաղաքական խնդիրների լուծմանը, իսկ դրա համար նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է դադարի ռազամատենչ հայտարարությունների եւ հայատյացության տարածումից:

Համաժողովի շրջանակներում տկն. Ղազինյանը երկկողմ հանդիպում ունեցավ ԵՀ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության երկկողմ օրակարգային հարցեր, տարածաշրջանային խնդիրներ:
Տպել էջը