ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը Հաիթիին ՀՀ օգնության ծանուցագիրը փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

26 փետրվարի, 2010

Փետրվարի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Մարդասիրական օգնության եւ արտակարգ իրավիճակների հարցերով տեղակալ Ջոհն Հոլմսի հետ:

Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է փոխանցվել ՀՀ կառավարության կողմից Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացմանն նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված 100.0 հազար ԱՄՆ դոլար բանկային ծանուցագիրը:

Դեսպան Կարեն Նազարյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշման`հատկացվող գումարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվելու է Հայիթիի երկրաշարժից տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային իրերի, սննդի եւ առողջապահական կարիքների ապահովմանը: Նա նաեւ նշել է, որ չնայած առկա ֆինանսատնտեսական դժվարություններին` ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորել է Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցության տրամադրումը` հաշվի առնելով Հայաստանի 1988թ.-ի աղետալի երկրաշարժի փորձը եւ առհասարակ նման իրավիճակում միջազգային հանրության կողմից օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Գլխավոր քարտուղարի տեղակալը իր հերթին կարեւորել է ինչպես Հայաստանի ուղղակի օժանդակությունը, այնպես էլ որպես ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կենտրոնական հիմնադրամի դոնոր երկիր անուղղակի մասնակցությունը երկրաշարժի առաջին օրերի ընթացքում:

Պրն. Ջ. Հոլմսի խնդրանքով` դեսպան Կ. Նազարյանը տեղեկացրել է 1988թ. երկրաշարժի աղետի գոտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Տպել էջը