Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի այցը Դեյր Զոր 12 փետրվար 2010թ. Փետրվարի 11-ին Հայաստանի Ա
12 փետրվարի, 2010Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դեյր Զոր: Պատվիրակությանը ընդունեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը եւ Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարեւորեցին Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը եւ հույս հայտնեցին, որ այն կամրջի դեր կխաղա ՀՀ եւ Դեյր Զոր նահանգի միջեւ առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտատեխնիկական բնագավառներում համագործակցությունը խորացնելու գործում: Արման Կրակոսյանը շնորհակալություն հայտնեց Դեյր Զորի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար եւ ջերմ վերաբերմունքի համար:

Նույն օրը Դեյր Զորի հայկական եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը, որին ներկա էին հայ համայնքի կրոնական երեք առաջնորդները, ինչպես նաեւ` նահանգային իշխանությունների ղեկավարները եւ Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Օծման արարողության ընթացքում ընթերցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: Արարողությունից հետո թափորը ուղղվեց դեպի ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը: Պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Սիրիայում հավատարմագրված պետությունների դեսպաններ, հյուպատոսներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը երեկոյան կազմակերպվեց ընդունելություն, ուր ելույթով հանդես եկավ նորանշանակ պատվավոր հյուպատոս` դեյրզորաբնակ Սուրեն Վարդանյանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի ողջույնի խոսքը
Դեյր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման հանդիսավոր արարարողությանը
Դեյր Զոր, 11 փետրվարի, 2010թ.
Հարգարժան պարոն նահանգապետ,
Հոգեւոր հայրեր, Սիրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների հարգարժան ղեկավարներ,
Հարգելի ներկաներ
Այսօր մենք հավաքվել ենք այստեղ մասնակցելու չափազանց կարեւոր մի միջոցառման` Սիրիայի Արաբական Հանրապետության Դեյր Զոր քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման արարողությանը: Սա բարեկամ Սիրիայի տարածքում Հայաստանի արդեն իսկ երրորդ ներկայացուցչությունն է եւ այս հանգամանքը վկայում է պատմության խորքերից եկող հայ-սիրիական եղբայրական կապերի օր օրի ամրապնդման, եւ այս կապերին Հայաստանի կողմից տրվող առանձնահատուկ կարեւորության մասին:
Ինքնին Դեյր Զոր քաղաքը Հայաստանում եւ Սիրիայում ապրող հայերիս համար, շատ մեծ նշանակություն ունի, քանզի նրա հետ է կապված մեր ազգի պատմության ամենաողբերգական էջը` Օսմանյան կայսրության վարչակազմի կողմից իրագործած հայ բնակչության բնաջնջման, բռնի տեղահանման եւ Դեյր-Զորի անապատում իրագործած եղեռնագործության հետ, որը մենք, հայերս եւ մեզ հետ միասին միջազգային հանրությունն ի դեմս շատ երկրների եւ միջազգային կառույցների որակում է որպես Ցեղասպանություն: Հայ ժողովուրը երբեք չի մոռանա իր որբերին ապաստան տրամադրած եւ սատար կանգնած սիրիացի հասարակ մարդուն, գյուղի կամ քաղաքի բնակչին, որն ինքը, լինելով Օսմանյան իշխանությունների դաժան հալածանքի առարկա, ընդվզեց համամարդկային անարդարության դեմ եւ օգնության ձեռք մեկնեց յաթաղանից մազապուրծ եղած մեր զավակներին: Դա հիրավի անուրանալի երեւույթ է, եւ ես առիթը բաց չեմ թողնի եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի ողջ ժողովրդին հայտնել մեր երախտագիտությունը:
Այսօր Դեյր Զորն օր օրի աճող եւ դինամիկ զարգացող նահանգ է, եւ այն շենացնելու ու իր արդյունաբերական նշանակությունը բարձրացնելու մեջ կարեւոր դեր են խաղացել նաեւ ժամանակին արաբական հյուրընկալությանն արժանացած մեր ժողովրդի զավակները: Վստահ եմ, որ այսօր այստեղ հավաքվածներից մեծ մասը նրանց ժառանգորդներն են, որոնցից է նաեւ Դեյր Զորում նորանշանակ պատվո հյուպատոս պարոն Սուրեն Վարդանյանը:
Ցանկանալով պարոն Վարդանյանին բեղմնավոր գործունեություն եւ նորանոր հաջողություններ` ի շահ Հայաստանի եւ Սիրիայի, մենք կրկին կվերահաստատենք այն փաստը, որ հայ-սիրիական եղբայրական հարաբերությունները ոչ միայն միջպետական են, այլեւ հայ եւ սիրիացի մարդկանց միջեւ են, եւ այդ բարեկամական, եղբայրական հարաբերություններին գործնական ընթացք տալու առաքելությունն ընկած է մեր երկու ժողովուրդների զավակների ուսերին:
Վստահ եմ, որ այդ բարձր առաքելությունը գիտակցելով, Հայաստանի պատվո հյուպատոսությունն ու անձամբ պարոն Վարդանյանը, համագործակցելով Դեյր-Զոր նահանգի իշխանությունների հետ, իր ողջ ուժն ու եռանդը կգործադրի մեր հայրենիքների միջեւ բարեկամության կամուրջը շենացնելու եւ գալիք սերունդներին փոխանցելու ուղղությամբ:
Օգտվելով պատեհ առիթից, ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Սիրիայի բարձրագույն ղեկավարությանը` ի դեմս Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ դոկտոր Բաշշար ալ-Ասադին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին` հյուպատոսության բացմանը հատկացված պատշաճ ուշադրության, ինչպես նաեւ Դեյր Զոր նահանգի իշխանություններին` ի դեմս նահանգապետ պարոն Հուսեյն Արնուսին` այս հարցում ցուցաբերած անվերապահ աջակցության համար:
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ իրադարձության` Դեյր Զորում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման առիթով:
Շնորհակալություն: