ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիրան Բալայանի պատասխանը «News.am» լրատվական կայքի հարցին 27 հունվար 2010թ.
27 հունվարի, 2010Հարց. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշողլուն հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ սադրիչ հայտարարություններով: Ինչպես կմեկնաբանեք դրանք:
Պատասխան. ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Մովլութ Չավուշողլուի ընտրվելու մասին որոշման թանաքը դեռ չչորացած, նա կողմնակալ հայտարարություններով է հանդես գալիս` չարաշահելով եւ իր նեղ նպատակներին ծառայեցնելով ԵԽԽՎ նախագահի հեղինակավոր պաշտոնը:
Հիասթափություն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը անգիտակցաբար կամ հենց գիտակցաբար այդ կարգի հայտարարություններով վնաս է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչը հարիր չէ ԵԽԽՎ նման հեղինակավոր կառույցի ղեկավարին, որի թիվ մեկ խնդիրը եւ առաքելությունն է կազմակերպության անդամ երկրների միջեւ տարաձայնությունների վերացումը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապակցելու ապարդյուն փորձերին, ապա դրանք վաղուց սպառել են իրենց եւ միջազգային հանրությունը դրանց գնահատականը արդեն տվել է:
Պարոն Չավուշողլուի հայտարարությունները մի շարք հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում ԵԽԽՎ նախագահի պաշտոնին նրա հետագա գործունեության վերաբերյալ: