Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ 20 հունվար 2010թ.

20 հունվարի, 2010

Ս. թ. հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:

Էդվարդ Նալբանդյանը իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ կողմից հունվարի 18-ի հայտարարության կապակցությամբ: Նախարարը նշել է, որ արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհակասելու մասին Սահմանադրական Դատարանի որոշման մեջ նախապայմաններ եւ հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիայում 2009թ. հոկտեմբերից ի վեր վավերացման գործընթացում որեւէ առաջընթաց չի նկատվում: Միեւնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակաբար եւ բացահայտորեն փորձում է նախապայմաններ առաջ քաշել. դա ստեղծում է արհեստական պատրվակների փնտրտուքի տպավորություն եւ վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը:

Հայաստանի արտգործնախարարը, դրական գնահատելով այն փաստը, որ թուրքական կողմը հունվարի 18-ի ԱԳՆ հայտարարությամբ հրապարակավ վերահաստատել է նախապայմաններ առաջադրելու վնասակարությունը` իր թուրք գործընկերոջն առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին եւ ոգուն եւ արագ առաջ ընթանալ:

Նախարար Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանում վավերացման գործընթացը` ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած հանձնառությունների, հետամուտ լինել արձանագրությունների անհապաղ վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված մտացածին պատրվակներ առաջադրելու գործելաոճից:
Տպել էջը