Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին 18 դեկտեմբեր 2009թ.

18 դեկտեմբերի, 2009

Ս.թ. դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին:

Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին:

Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Պատասխանելով հարցերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ` ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: «Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը», - ասաց նախարար Նալբանդյանը:
Տպել էջը