Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը 08 դեկտեմբեր 2009թ.

08 դեկտեմբերի, 2009

Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Արտգործնախարարները գնահատեցին համագործակցության նոր ձեւաչափի շրջանակներում կատարված աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ:

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը? նշելով, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել Եվրոպական միության հետ հարաբերությունները: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ` Գործընկերության նախաձեռնությունը ստեղծում է Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարթություններում համագործակցության լրացուցիչ հնարավորություններ:
Անդրադառնալով գործընկեր երկրների հետ նոր որակի իրավա-պայմանագրային հարաբերություններ հաստատելու ԵՄ մտադրությանը? Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ դա վկայում է վերջին տաս տարիներին հաստատված համագործակցության դրական արդյունքի մասին, եւ հայտնեց Հայաստանի պատրաստակամությունն աշխատել Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի մշակման եւ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ:

Ընդգծելով, որ գործընկերության ծրագրով առաջարկված բոլոր նախաձեռնություններն էլ կարեւոր են Հայաստանի եւ մյուս գործընկերների համար, նախարար Նալբանդյանը հատուկ ուշադրություն հրավիրեց մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները: "Կրթական, երիտասարդական եւ մշակութային փոխանակումները կարեւոր նշանակություն ունեն եւ մենք պետք է քաջալերենք դրանք խթանող նախաձեռնություններին"- ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց նաեւ Արեւլյան գործընկերության շրջանակներում ռեգիոնալ համագործակցությունը? ընդգծելով, որ Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը. "ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն էլ ավելի է այն արժեզրկում" - ընդգծեց նախարար Նալբանդյանը:
ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց ելույթներում կարեւորեցին գործընկերության անդամ պետությունների միջեւ համագործակցությունը եւ կոնկրետ քայլերի ձեռնարկումը:

Եվրոպական միության կողմից որպես համագործակցության օրինակելի փորձ նշվեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որն աջակցում է օրենսդիր, գործադիր եւ դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպմանը որոշում ընդունվեց նախարարական հաջորդ նիստը անցկացնել 2010 թ. երկրորդ կեսին, իսկ 2011 թ.-ին` Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը:

Նախարարական հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս` Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կառլ Բիլդտի, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների մասնակցությամբ:
Տպել էջը