Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեցԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի հետ 05 դեկտեմբեր 2009թ. \
05 դեկտեմբերի, 2009Ս. թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Նալբանդյանը նախ շնորհավորեց հյուրերին Էմիրությունների անկախության օրվա կապակցությամբ եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով Էմիրությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, եւ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել եւ խորացնել առկա հարաբերությունները:
ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Կողմերը հանգամանորեն քննարկեցին բազմաթիվ բնագավառներում փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր, կարեւորեցին Հայաստանի եւ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի պարբերաբար քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցեր: Շեշտվեց, որ պետությունների միջեւ առկա է տնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայնման լուրջ ներուժ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես? գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության, շինարարության, ոսկերչության եւ այլ բնագավառներում էմիրությունների ներդրողներին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ ամրապնդման խնդիրների շուրջ:
ԱՄԷ պետնախարարը Էմիրությունների աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Անվար Գարգաշը նախարար Նալբանդյանին ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման ներկա վիճակը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն, աշխարհաքաղաքական առումով մոտ լինելով մերձավորարեւելյան տարածաշրջանին, մեծապես շահագրգիռ է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ:
Էդվարդ Նալբանդյանը Անվար Գարգաշին տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, ինչի կապակցությամբ ԱՄԷ պետնախարարն ասաց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարում համագործակցության մասին:
Արարողությանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: