Հայաստանի պատվիրակությունը մասնակցել էՀյուսիսատլանտյան խորհրդի նիստին 04 դեկտեմբեր 2009թ.
04 դեկտեմբերի, 2009Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Դա առաջին նմանատիպ հանդիպումն էր, որին Հայաստանը ներկայացված էր:
Հանդիպումը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Մասնակցում էին ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինտոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՖղանստանի եւ այդ ձեւաչափում ներգրավված այլ երկրների արտգործնախարարները:
Մոտ չորս տասնյակ ելույթ ունեցողներն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը, վերահաստատել Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնել լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ:
Հայաստանի արտգործանախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը? ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: Այս առնչությամբ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը համակողմանի աջակցության համար: