Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին 03 դեկտեմբեր 2009թ.
03 դեկտեմբերի, 2009Նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի վարչապետին
Դեկտեմբերի 2-ին Աթենքում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարարը:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային հարցերին, Եվրոպական անվտանգության կատարելագործման անհրաժեշտությանը` կարեւորելով բոլորի համար ընդունելի, հավասար եւ համապարփակ Եվրոպական անվտանգության նոր համակարգի մշակումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից սպառազինությունների սահմանափակման միջազգային պարտավորությունները խախտելու, պարբերաբար կրկնվող ռազմատենչ հայտարարությունների եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը բացահայտորեն խախտելու մեջ:
Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների վավերացումը: Նախարարի խոսքով գործընթացի անհիմն ձգձգումը եւ նախապայմանների առաջադրումը, ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապելու փորձերը, կարող են վնասել թե մեկը, թե մյուսը:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց միջազգային հանրությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ցուցաբերվող անվերապահ աջակցության համար: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աշխարհի բոլոր երկրները արտահայտեցին իրենց աջակցությունը, միայն կա մի երկիր` Ադրբեջանը, որ դեմ է արտահայտվում` հակադրվելով ոչ միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին, այլեւ? ողջ միջազգային հանրությանը:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին? Էդվարդ Նալբանդյանը նշեց Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական դինամիկայի պահպանման կարեւորությունը եւ ընդգծեց խաղաղ գործընթացն արգելակող քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Որպես նման գործողության ամենաթարմ օրինակ? նախարար Նալբանդյանը բերեց րոպեներ առաջ հնչած Ադրբեջանի նախարարի ելույթը, որտեղ եւս մեկ փորձ արվեց խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի եւ ընթացող բանակցությունների էությունը:
ԵԱՀԿ նախարարական խորհրդի երկրորդ օրը եւս հագեցած էր երկկողմ հանդիպումներով:
Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ էր:
Նախարար Նալբանդյանը Հունաստանի վարչապետին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին? Հունաստանի վարչապետն ասաց, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ:
Վարչապետ Պապանդրեուն եւ նախարար Նալբանդյանը քննարկեցին Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր գնահատեցին հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:
Աթենքում Հայաստանի արգործնախարարը հանդիպեց նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում գրանցված դրական դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքները:
Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ արվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ էր:
Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց Թյորնբյոր Յագլընդի ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը:
Նախարար Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երեւան:
Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալանդյանը քննարկեց Հայաստանի եւ Բելառուսի Նախագահների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ? մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի արդյունքներով ՀՀ արտգործնախարարը ճեպազրույց ունեցավ Աթենք ժամանած հայ լրագրողների հետ:
Աթենքից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը հանիպեց ՀՅԴ Հունաստանի կառույցի ղեկավարներին` վերջիններիս նախաձեռնությամբ: Նախարար Նալաբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ? Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը:
Նույն օրն ավարտելով այցելությունը Հունաստան` Էդվարդ Նալբանդյանն ուղեւորվեց Երեւան: