Ընդունվեց հնգակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի վերաբերյալ 02 դեկտեմբեր 2009թ. \
02 դեկտեմբերի, 2009Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին
Ս.թ. դեկտեմբերի 1-ին Աթենքում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ? շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նախարարական նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Նստաշրջանի առաջին օրը նշանավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմամբ, որին եռանախագահ երկրների ԱԳ նախարարներն իրենց նախագահների անունից աջակցություն հայտնեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ շեշտեցին, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով:
Հնգակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որտեղ գոհունակություն է հայտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հաճախակի դարձած հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ եւ կոչ արվում, պահպանելով դրական դինամիկան, առաջ գնալ դեպի Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին քննարկվել էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 17-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը` դիրքորոշումները ճշտելու եւ համադրելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ԱԳ նախարարները:
Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:
Նախարար Նալբանդյանի եւ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց պարբերական շփումների կապակցությամբ? արձանագրելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում վերահսկել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ նախանշել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլեր:
Ուրմաս Պաետն Էդվարդ Նալբանդյանին վերահաստատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Էստոնիայի կառավարության ղեկավար Անդրուս Անսիպի Տալին այցելելու հրավերը:
Հայաստանի արտգործնախարարն իր էստոնացի գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները` նոյեմբերի 22-ի Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Նախարարները քննարկեցին նաեւ դիվանագիտական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Աթենքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ:
Նախարարները, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը, քննարկեցին բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական կապերի ակտիվացման եւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները:
Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:
Սլովակիայի արտգործնախարարը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը եւ իր երկրի աջակցությունը հայտնեց այդ գործընթացին:
Հունաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը: